Հարցազրույց «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ
–Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, երբ նախագահականից գնաց ՀՀԿ շտաբ, նշվեց, որ դա որակական նոր ընտրություններ նախապատրաստելու նպատակ է հետապնդում։ Հրազդանի քաղաքապետի ընտրություններն արդյոք ցույց չտվեցի՞ն, որ իշխանությունների մատնանշած որակական այդ ընտրությունները կեղծիքների՛ մեծաքանակության առումով են լինելու, և որ իշխանությունը չի պատրաստվում իր դիրքերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ զիջել ու կդիմի ամեն տեսակի կեղծիքի։
–Նախագահական ապարատի ներգրավումը խորհրդարանական ընտրություններ մտահոգիչ է։ Եվ Ս. Սարգսյանի փեսա, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի տեղափոխությունը ՀՀԿ շտաբ մտահոգիչ է այնքանով, որ նախագահական ինստիտուտն ինքնուրույն ճյուղ պետք է լինի ըստ Սահմանադրության ու հակակշիռ՝ կուսակցական հատվածապաշտությանը՝ ստեղծելով հավասար խաղի կանոններ բոլոր կուսակցությունների համար։ Փաստորեն, նախագահական ինստիտուտը ներգրավվում է խորհրդարանական ընտրություններ որպես շահագրգիռ կողմ, փոխանակ հանդես գա արբիտրի դերում։
–Այսինքն, վստահ չպե՞տք է լինենք, որ խորհրդարանական ընտրությունները չեն կեղծվի։
–Իրենք կարող էին հուսալ, որ իրենց հավաստիքները լուրջ կընդունվեին հասարակության կողմից միայն մի դեպքում, եթե ցույց տային, որ իշխանության նախագահական ճյուղը պատրաստակամ է երաշխավորել միասնական, հավասար խաղի կանոններ։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ նախագահական ինստիտուտը չներգրավվեր խորհրդարանական ընտրություններ։
–Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ինչի՞ հետ կարող ենք համեմատել։
–Դա նման է համաշխարհային պատմությունից հայտնի այն դրվագին, երբ Կոմոդը մրցեց Մաքսիմուսի հետ՝ ապավինելով ոչ ազնիվ մեթոդներին։ Նախագահական պոդիումից իջնելով և մասնակցելով գլադիատորական մարտերին՝ կուսակցությունների պայքարին, Սերժ Սարգսյանը խոցելի է դարձնում ոչ միայն երկրորդ ժամկետում իր վերընտրվելու հեռանկարները, այլ նաև նախագահական ինստիտուտը։ Սա կարող է բավական վտանգավոր նախադեպ ստեղծել և լուրջ վնաս հասցնել պետական շինարարության գործին։
–Կմանրամասնե՞ք, թե ինչու։
–20–ամյա նորանկախ պետականության պատմության ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, այդ թվում՝ հոռի, բայց կա գոնե մեկ դրական ավանդույթ՝ նախագահները ձեռնպահ էին մնում ուղղակիորեն ներքաշվելուց խորհրդարանական ընտրություններ։ Դրանով էր պայմանավորված, որ խորհրդարանական ընտրությունները մեզանում անցել են համեմատաբար ավելի հանգիստ պայմաններում, քան նախագահական ընտրությունները, և խորհրդարանական ընտրություններին չեն հաջորդել նախագահականին հաջորդող մեծ ցնցումներ։
–Փաստորեն, կարելի՞ է ասել, որ այս տարվա մայիսին մենք ոչ թե խորհրդարան ենք ձևավորելու, այլ, մեծ հաշվով, նախագահ ենք ընտրելու։
–Հենց այդ մեկնաբանությունների վտանգն օբյեկտիվորեն գոյություն ունի, և հենց այդպես էլ կփորձի մեկնաբանվել։ Նախագահը ոչ թե պետք է հանդես գա մեկ՝ թեկուզ հզոր և բազմանդամ կուսակցության նախագահ, այլ պետք է լինի և մնա համայն հայության նախագահի դիրքերում։ Այստեղ է, որ կուսակցության շահը՝ ամեն գնով պահպանել իր իշխանությունը, մտնում է ճչացող հակասության մեջ Սերժ Սարգսյանի նպատակի հետ՝ նախագահական ընտրությունների նախաշեմին ստեղծել համայն հայության նախագահի իմիջ, և խանգարում է առաջնորդի քաղաքական հեռանկարին։ Սերժ Սարգսյանը պետք է ճիշտ որոշում կայացնի, ինչը կենթադրի նրա հրաժարումը խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց։
–Գուցե ստիպվա՞ծ է մասնակցում, որովհետև եթե ցուցակը գլխավորի, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ապա ՀՀԿ–ն է՛լ ավելի ցածր տոկոսներ կհավաքի։
–Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ն՝ որպես իշխող ուժ, տիրապետում է վարչական ռեսուրսին և ունի առավելություն՝ մեծամասնական ընտրակարգը։ Եթե նույնիսկ ՀՀԿ–ն զիջի ԲՀԿ–ին և հավաքի, օրինակ, 30% ձայն, բայց ունենա 35 տեղ մեծամասնական ընտրակարգով, ապա կարող է միայնակ ձևավորել խորհրդարանական մեծամասնություն ու ԱԺ–ում միայնակ ընդունել որոշումներ։ Այս առավելությունը ՀՀԿ–ն չունի՛ նախագահական ընտրություններում։ Այնտեղ գործում է մեկ ընտրակարգ։ Իսկ եթե հաշվի առնենք սոցիոլոգիական հարցումները (ես նկատի չունեմ Ահարոն Ադիբեկյանի, այլ միջազգային լուրջ կազմակերպությունների պատվերով կատարվող հարցումները), դրանցով այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից նույնիսկ երկու տոկոս առավելություն ունի։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը զրկի իրեն համայն հայության նախագահ ներկայանալու առավելությունից, ապա չի կարող առավելություն ստանալ հնարավոր թեկնածուների համեմատ։ Կա ևս մեկ հարց՝ եթե Սերժ Սարգսյանը չմասնակցի խորհրդարանական ընտրություններին և ստանձնի գերագույն արբիտրի դերկատարություն, ապա Լևոն Տեր–Պետրոսյանի մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսի ցուցակի առաջնորդի դերով կդառնա չափազանց խոցելի։ Հետևաբար, նախագահական ինստիտուտը պետք է չեզոքություն ապահովի, ինչը ենթադրում է, որ նախագահը չպետք է մասնակցի այդ ընտրություններին, ներկայանա համայն հայության նախագահ, այլ ոչ թե ՀՀԿ–ի ձեռքում առկա մենաշնորհի պահպանման երաշխավոր։
Հմայակ Հովհաննիսյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը